

Էրեբունի վարչական շրջանում ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» զինված խմբավորման ներկայացուցիչները մտադիր են զենքը վար դնել եւ դուրս գալ այնտեղից: Այդ մասին հաղորդել է խմբավորման առաջնորդ Վարուժան Ավետիսյանը:
Ազատության հրապարակում բարձրախոսով հաստատել են, որ «Սասնա Ծռեր» խմբավորման 11 անդամներ համաձայնել են զենքը վար դնել: Ինչպես նշել են ակտիվիստները, այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել խմբի ներկայացուցիչների որոշ պահանջներ կատարելու պայմանով: Թե հատկապես ինչ պահանջների մասին է խոսքը, համակարգող խորհրդի ակտիստները չեն ճշտել:
Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյանի ասելով, «Սասնա Ծռերը» որոշել են զենքը վար դնել՝ հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով: Միեւնույն ժամանակ, ինչպես հավաստիացրել է Բաղդասարյանը, դա չի նշանակում հրաժարում ավելի վաղ ներկայացված պահանջներից:



