

Սյունիքի մարզի բնակիչներն ի նշան բողոքի փակել են Հայաստանն Իրանի հետ կապող միջպետական ճանապարհը: Սառնակունք գյուղի մոտ ճանապարհը փակել են մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ քարեր լցնելով ասֆալտին եւ շրջելով ավտոմեքենաներ: Հավաքվածներն իշխանություններից պահանջում են արմատական փոփոխություններ եւ «Սասնա Ծռերին» առնչվող իրավիճակի անարյուն կարգավորում: Մարդիկ պնդում են, որ Երեւանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկաննորի վայրագ գործողություններից տուժել է իրենց համագյուղացին: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք փորձում են հավաքվածներին համոզել բացել ճանապարհը:
Իշխանությունների հետ դիմակայության 15-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է վերահսկել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Իրավիճակը Խորենացի փողոցին հարող տարածքում հուլիսի 31-ի ատավոտյան, ընդհանուր առմամբ, հանգիստ էր: Երեկվանից գնդին հարող բոլոր փողոցները հոսանքազրկվել են: Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30 զինյալներ գրավել են Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ինչի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, չորսը՝ վիրավորվել: Հուլիսի 30-ին ոստիկանները հայտարարել էին իրենց եւս մեկ գործընկերոջ սպանվելու մասին: Խմբավորման անդամները բազմաթիվ վիրավորումներ են ստացել: Գնդի տարածքը եւ հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանության կողմից:



