«Սասնա ծռեր» խմբավորման զինյալ Սեթո Նազարյանը վիրավորվել է կրծքի հատվածում: «Նա դուրս է բերվելՊՊԾ գնդի տարածքից: Մենք տեղեկություն չունենք՝ արդյոք նա վիրավոր է թե զոհվել է», - նշվում է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունում: Միեւնույն ժամանակ, ՀԽ հաղորդում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից «Սասնա Ծռերի» վիրավոր զինյալ Էդուարդ Գրիգորյանի անհետացման մասին: «Այդ առնչությամբ մենք համապատասխան մարմիններից ստույգ տեղեկություններ ենք պահանջում նրա գտնվելու վայրի մասին: Էդուարդ Գրիգորյանի անհետացման հետեւանքները եւ պատասխանատվոթյունը լիովին ընկնում է Սերժ Սարգսյանի վրա», - նշվում է ՀԽ հայտարարությունում: «Սասնա Ծռեր» խմբավորման վերահսկողության տակ գտնվող ՊՊԾ գնդի տարածքում պարբերաբար կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվում, հաղորդում է մերձակա շենքերի բնակիչները: Դրան զուգընթաց գնդի տարածքի շուրջ դիտվում է ոստիկանների եւ ոստիկանական մեքենաների աշխուժություն: Ոստիկանությունը ոչ մի բացատրություն չի տալիս այդ ամենի առնչությամբ: ՀՀ ոստիկանության լրատվության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը սահմանափակվել է ընդամենը պաշտոնական հաղորդագրություններին հետեւելու կոչով:
Իշխանությունների հետ դիմակայության 15-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է վերահսկել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Իրավիճակը Խորենացի փողոցին հարող տարածքում հուլիսի 31-ի ատավոտյան հանգիստ էր: Երեկվանից գնդին հարող բոլոր փողոցները հոսանքազրկվել են: Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30 զինյալներ գրավել են Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ինչի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, չորսը՝ վիրավորվել: Հուլիսի 30-ին ոստիկանները հայտարարել էին իրենց եւս մեկ գործընկերոջ սպանվելու մասին: Խմբավորման անդամները բազմաթիվ վիրավորումներ են ստացել: Գնդի տարածքը եւ հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանության կողմից: