

«Հիմնադիր խորհրդարանը» պատկան մարմիններինց պարզաբանում է պահանջել ՊՊԾ գնդի տարածքում վերջին պայթյունների եւ կրակոցների առնչությամբ, որոնց մասին հաղորդել են ՊՊԾ գնդի տարածքի մերձակա շենքերի բնակիչները: «Դիմում ենք պատկան մարմիններին բացատրություն տալ, թե ինչ է կարարվում այնտեղ: Կես ժամում պատասխան չտալու դեպքում դիմում ենք մեր քաղաքացիներին գնալ Խորենացի փողոց և տեղում ոստիկանությունից պահանջել բացատրություն», - ասվում է «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունում: Մինչդեռ ՀՀ ոստիկանության լրատվության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը սահմանափակվել է ընդամենը պաշտոնական հաղորդագրություններին հետեւելու կոչով:
Իշխանությունների հետ դիմակայության 15-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է վերահսկել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Իրավիճակը Խորենացի փողոցին հարող տարածքում հուլիսի 31-ի ատավոտյան հանգիստ էր: Երեկվանից գնդին հարող բոլոր փողոցները հոսանքազրկվել են: Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30 զինյալներ գրավել են Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ինչի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, չորսը՝ վիրավորվել: Հուլիսի 30-ին ոստիկանները հայտարարել էին իրենց եւս մեկ գործընկերոջ սպանվելու մասին: Խմբավորման անդամները բազմաթիվ վիրավորումներ են ստացել: Գնդի տարածքը եւ հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանության կողմից:



