


«Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել», - հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով նախօրեին «ՊՊԾ գնդից արձակված դիպուկահարի գնդակից սպանված ոստիկանի» վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությանը: «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց դիպուկահարի աջուձախ արձակած կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- հայտարարել է Վարուժան Ավետիսյանը А1plus-ին:
Իշխանությունների հետ դիմակայության 15-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է վերահսկել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Իրավիճակը Խորենացի փողոցին հարող տարածքում հուլիսի 31-ի ատավոտից ի վեր հանգիստ է: Երեկվանից գնդին հարող բոլոր փողոցները հոսանքազրկվել են: Միեւնույն ժամանակ, երեկ այդ շրջանում կրակոցներ էին լսվում: Նախօրեին Երեւանում տեղի են ունեցել «Սասնա Ծռերի» կողմնակիցների հանրահավաք եւ երթ, որի ընթացքում փակվել էր Բաղրամյան պողոտան: Ոստիկանների ջանքերով բողոքի շարժումը, գործնականում, գլխատվել է, ժողովրդի գործողությունները համակարգող բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները ձերբակալվել են՝ տարբեր պատրվակներով: Այդուհանդերձ, նախօրեին հանրահավաքի ավարտին հավաքվածները հայտարարել են հուլիսի 31-ին, ժամը 20:00-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիան վերսկսելու մտադրության մասին:
Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30 զինյալներ գրավել են Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ինչի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, չորսը՝ վիրավորվել: Հուլիսի 30-ին ոստիկանները հայտարարել էին իրենց եւս մեկ գործընկերոջ սպանվելու մասին: Խմբավորման անդամները բազմաթիվ վիրավորումներ են ստացել: Գնդի տարածքը եւ հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանության կողմից:



