
«Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է», - ասվում է «Սասնա Ծռեր» խմբավորման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունում, որը տարածվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով: «Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար», - նշված է «Սասնա ծռեր» խմբավորման այսօրվա հայտարարությունում:
Իշխանությունների հետ դիմակայության 15-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է վերահսկել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Իրավիճակը Խորենացի փողոցին հարող տարածքում հուլիսի 31-ի ատավոտից ի վեր հանգիստ է: Երեկվանից գնդին հարող բոլոր փողոցները հոսանքազրկվել են: Միեւնույն ժամանակ, երեկ այդ շրջանում կրակոցներ էին լսվում: Նախօրեին Երեւանում տեղի են ունեցել «Սասնա Ծռերի» կողմնակիցների հանրահավաք եւ երթ, որի ընթացքում փակվել էր Բաղրամյան պողոտան: Ոստիկանների ջանքերով բողոքի շարժումը, գործնականում, գլխատվել է, ժողովրդի գործողությունները համակարգող բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները ձերբակալվել են՝ տարբեր պատրվակներով: Այդուհանդերձ, նախօրեին հանրահավաքի ավարտին հավաքվածները հայտարարել են հուլիսի 31-ին, ժամը 20:00-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիան վերսկսելու մտադրության մասին:
Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30 զինյալներ գրավել են Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ինչի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, չորսը՝ վիրավորվել: Հուլիսի 30-ին ոստիկանները հայտարարել էին իրենց եւս մեկ գործընկերոջ սպանվելու մասին: Խմբավորման անդամները բազմաթիվ վիրավորումներ են ստացել: Գնդի տարածքը եւ հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանության կողմից: