


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջիկա րոպեներին հանդես է գալու ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ` «Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այդ մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Սակայն խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու համար անհրաժեշտ է նախագահի, կառավարության, ԱԺ ղեկավարության նախաձեռնությունը կամ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները: Մինչդեռ ԱԺ պատգամավորների մեծ մասն այժմ արձակուրդում են և երկրի սահմաններից հեռու:
Ավելի վաղ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ԱԺ քննարկել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների հետ պատգամավորների հանդիպումների պահանջը, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարչԱրսեն Բաբայանը բացասական պատասխան էր տվել: Ընդ որում նա նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն հանդիպել խմբավորման անդամների հետ, իրենք ազատ են դա անել, խորհրդարանականներն իրենց գործողություններում անկախ են:
Այսօր մամուլի ասուլիսում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հաղորդել էր, որ «Սասնա Ծռերը» տվյալ պահին երկու պահանջ ունեն` մշտական բուժօգնության տրամադրում և հանդիպում պատգամավորների հետ: Ընդ որում նա դժվարացել էր հաղորդել, թե ինչու է խումբն ուզում հանդիպել պատգամավորների հետ, հավելելով, որ ինքն ընդամենը փոխանցում է նրանց պահանջը:


