Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, ԱՍԱԼԱ վետերան Ալեք Ենիգոմշյանը հավաստիացնում է, որ Էրեբունիի ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկները ոչ թե պատանդ են, այլ` ՊՊԾ ներսում հերթապահ բժշկական բրիգադի կանոնավոր ներկայություն ապահովելու նրանց պահանջի կատարման երաշխիք: Ենիգոմշյանն այդ մասին հայտարարել է հուլիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով Հայաստանի առողջապահության նախարարության և Ոստիկանության հայտարարությունն այն մասին, թե «Շտապ օգնության» բրիգադը զինված խմբի մոտ պատանդ է:
Նրա ասելով, «Սասնա Ծռերի» տղաները պահանջում են բժշկական բրիգադի մշտական հերթափողով հերթապահություն սահմանել, ինչից հետո ՊՊԾ ներսում գտնվող բժիշկներին բաց կթողնեն` փոխանակելով «Շտապ օգնության» նոր բրիգադի հետ: Ինչպես հայտարարել է Ենիգոմշյանը, նույնիսկ պատերազմի ժամանակ մարդիկ չեն զրկվում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, և զինված խմբի անդամները, բոլոր միջազգային կոնվենմցիաների դրույթների համաձայն, դրա իրավունքն ունեն:
Ինչպես հաղորդել է Ենիգոմշյանը, ներսում երկու վիրավոր կա. մեկը վիրավորվել էր ավելի վաղ, մյուսը թեթև վիրավորում է ստացել նախօրեին, ինչի առնչությամբ տղաները երկու պահանջ ունեն: Առաջինը վերաբերում է բժշկական օգնությանը: Երկրորդ պահանջը հանդիպումն է պատգամավորների հետ: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժումը ԱԺ պատգամաբվորներին կոչ է արել դիմել ոստիկանությանը և պահանջել հանդիպումներ «Սասնա Ծռերի» տղաների հետ` տեղի ունեցողի իրական պատկերը պարզելու համար:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՀՀ Առողջապահության նախարարությունն անհնար է համարում պատանդ վերցված շտապօգնության բուժանձնակազմին վիրաբուժական շարժական կլինիկայով փոխանակման վերաբերյալ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամների պահանջը: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, տվյալ պահին ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկում է միայն առանց նախապայմանների պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը: Ըստ որում, Հայթայանը դժվարացել է ասել, թե ինչպես է դա հնարավոր անել: Նշենք, որ Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանն ինքնակամ ցանկություն է հայտնել հանձնվել ՙՍասնա ծռերին՚՝ պատանդների փոխարեն: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնությունե ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: