

ՀՀ ոստիկանությունն արգելում է քաղաքացիներին հավաքվել ՊՊԾ գնդի զավթված շենքի հարակից տարածքում:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, Խորենացի փողոց այցելող և մի քանի րոպեից ավել այնտեղ մնացող քաղաքացիներին են մոտենում Ոստիկանության աշխատակիցները և խնդրում լքել տարածքը: Եթե քաղաքացիները հրաժարվում են ենթարկվել, նրանց բերման են ենթարկում:
Նախօրեին Ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր արել հավաքի փաստացի ղեկավարներին՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր:
ՙՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը՚,- ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:


