


Դեպի Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարներ չկան: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:
ՙՆԱՏՕ-ն այժմ ձգտելու է Թուրքիային իր շարքերում պահել, քանի որ եթե պարզվի, որ արևմտյան հետախուզական ծառայությունները կապ են ունեցել Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին, կազմակերպության ներսում կարող են տարաձայնություններ սկսվել: Սակայն, Կովկասում ԵԱՀԿ դերի ուժեղացում կարող եմ պատկերացնել, այդ թվում՝ Մեզեբերգյան գործընթացի վերածնունդը, որը նախաձեռնել են Անգելա Մերկելը և Դմիտրի Մեդվեդևը 2009 թվականին՚,- նշել է նա:
Վերլուծաբանը գտնում է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը կորոշվեն ԵԱՀԿ շրջանակներում՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ, որը թշնամաբար է ընկալում ՆԱՏՕ-ին: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել Եվրամիություն-Եվրասիական միություն երկխոսության մոտալուտ մեկնարկի հարցում՝ նշելով, որ Եվրոպան չի կարող երես դարձնել ՇՀԿ-ից:
Ռարը գտնում է, որ անցնելով վստահության և համագործակցության վերականգնման ճանապարհ՝ Եվրոպան և Ռուսաստանը միասին նոր մակարդակի վրա կդնեն հարաբերությունները՝ սկսելով կառուցել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տարածություն: Նրա խոսքով, Գերմանիայում արդեն լուրջ աշխատախմբեր են ստեղծվում՝ այդ գաղափարի հայեցակարգի ստեղծման նպատակով:
ՙԵթե ԱՄՆ-ում իշխանության գա Դոնալդ Թրամփը, աշխարհակարգն ընդհանրապես կարող է փոփոխությունների ենթարկվել: Կարծում եմ՝ նա ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն է, ով բազմաբևեռ աշխարհը դիտարկում է ոչ թե որպես սարսափելի մարտահրավեր ԱՄՆ համար, այլ՝ որպես իրողություն՚,- ամփոփել է վերլուծաբանը:


