


Գիշերային փոխհրաձգության հետևանքով վիրավորված ՙՍասնա ծռերի՚ անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդի Արամի կյանքին վտանգ է սպառնում:
Փոխհրաձգության ընթացքում վիրավորված Մանուկյանը և նրա որդին գտնվում են ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում, նրանք վիրահատվել են: Վերջիններս բազմաթիվ վնասվածքներ են ստացել ազդրի շրջանում, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նաև մեկ ոստիկան:
Ոստիկանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանր, մյուս երկուսինը՝ ծանր:
Ինչպես լրագրողներին հայտնել է բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը, Մանուկյանի և նրա որդու կյանքին վտանգ է սպառնում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում:
Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:



