

ՊՊԾ գնդի շենքը գրաված ՙՍասնա ծռերի՚ անդամներն արդեն ապահովված են սննդով: Այդ մասին հուլիսի 26-ին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Միաժամանակ իրավապահ մարմնում զերծ են մնացել մեկնաբանություններից, թե ինչպես և երբ է նրանց սնունդ հասցվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՙՍասնա ծռերի՚ անդամները շուրջ 60 ժամ առանց սնունդի են մնացել, և նրանց սնունդ փոխանցելու ցանկացած փորձ կասեցվել է իրավապահների կողմից:
Այնուամենայնիվ, ՙՍասնա ծռերի՚ հայտարարության համաձայն, այսօր առավոտյան անհայտ քաղաքացին իր մեքենան բեռնել է սննդով և, ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել այն տարածքի մուտքի մոտ, որտեղ գտնվում են ՙՍասնա ծռերը՚: Բարեբախտաբար, նա ոչ միայն չի տուժել, այլ նաև կարողացել է սնունդը բարեհաջող կերպով հասցնել խմբավորման անդամներին:
Նշենք, որ ոստիկանների և ՙՍասնա ծռերի՚ անդամների միջև գիշերային փոխհրաձգության հետևանքով խմբավորման երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, վիրավորվել են և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոմ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն այցելել են նրանց:


