
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնությունը Խորենացի փողոցում: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
«Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ: Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից: Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին:
Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ», - ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես արդեն հաղորդվել է, անցած գիշեր Խորենացի փողոցում բախումներ են տեղի ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա Ծեր» խմբավորմանը սատարող ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներն սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանցից պատասխան չեն ստացել ՊՊԾ տարածքում գտնվող զինված խմբավորման անդամներին սնդամթերքի փոխանցմանն առնչվող հարցին: Ցուցարարներին ցրելու նպատակով Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ:
Առողջապահության նախարության հաղորդման համաձայն, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։