

Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների արդյունքում 51 մարդ է տուժել, նրանցից 28-ը ոստիկաններ են, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Տուժածները, հիմնականում` ոստիկաններ, գազային թունավորում են ստացել:
Ուշագրավ է, որ ցուցարարների դեմ կիրառելով հատուկ միջոցներ, ոստիկաններն` իրենք, ապահովված չեն եղել հակագազերով: Արձանագրվել են նաև բեկորային վիրավորման դեպքեր, քարկոծման հետևանքով վիրավորումներ: Տուժածները, հիմնականում, ստացել են թեթև և միջին ծանրության վիրավորումներ:
Առավոտյան ժամը 5-ին մոտ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին` գործողության անօրինական լինելու և հասարակական կարգը խախտելու վերաբերյալ երկու նախազգուշացումներից հետո: Բերման են ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարարներ:
Ավելի վաղ Խորենացի փողոցում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, վերջինները նահանջել էին դեպի Տիգրան Մեծ պողոտա, որտեղ բարիկադավորվել էին աղբամաններով և փողոցի նստարաններով: Այժմ իրավիճակը դեպքի վայրում հանգիստ է: Մի քանի տասնյալ ցուցարարներ դեռ մնում են այնտեղ, ոստիկանները շարունակում են պարեկությունը: Միևնույն ժամանակ, ՊՊԾ շենքը գրաված ազատամարտիկները ողջունում են ցուցարարների գործողությունները և նրանց կոչ են անում չլսել իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ տարբեր գործիչների հորդորներին:



