ՙՍասնա ծռերի՚ նկատմամբ ուժային հատուկ գործողությունը Հայաստանին քաոսի կհանգեցնի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Հուլիսի 17-ին իրենց «Սասնա Ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօր պատանդ են պահվհում չորս ոստիկաններ, որոնց թվում է նաև մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:
ՙՙՍասնա ծռերի՚ տղաները Հայաստանի իրավիճակը քաոսային դարձնել ի վիճակի չեն: Մարդիկ ինտուիտիվ կերպով զգում են Հայաստանի և Արցախի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի ողջ բարդությունը: Դա դրսևորվում է Ղարաբաղում իրավիճակի և արտաքին այլ մարտահրավերների առնչությամբ նրանց զգուշավոր արձագանքմամբ: Ժողովուրդը դեմ է ռեժիմին, բայց Ժիրայր Սեֆիլյանի խմբավորման մեթոդներով ազատվել դրանից մեծամասնությունը չի ցանկանում: Բայց այս իրավիճակը քաոսի կարող է հանգեցնել Սերժ Սարգսյանն իր ռեժիմով՝ հատուկ գործողություն սկսելով այդ հուսահատ մարդկանց դեմ՚,- նշել է նա:
Իրավիճակից ելքը վերլուծաբանը տեսնում է միջնորդների ներգրավման մեջ՝ ի դեմս մտավորականության, որը կարող էր պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ խնդիրը քաղաքական մեթոդներով լուծելու վերաբերյալ՝ համապատասխան պայմանավորվածություն ձեռքբերելով խռովարարների հետ:
Հուլիսի 19-ի երեկոյան Սարի թաղում տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում վիրավորված 4 ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց: Սարիթաղցիները բացահայտ աջակցություն են հայտնել «Սասնա ծռերին» Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերը հանգիստ է եղել գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ, դրան հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա Ծռերին»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Սասնա ծռերի» տարածած հայտարարության համաձայն, նրանք պահանջում են ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն: