
Մերձավոր և Միջին Արևելքում, Թուրքիայում և Կովկասում հրահրվող քաոսը կոչված է Եվրոպային և Ռուսաստանին ենթարկացնելու աշխարհակարգին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
ՙԵվրոպան չի համաձայնում ներգրվել ԱՄՆ գլխավորած Անդրատլանտյան գործընկերությանը, ինչը կհանգեցնի ԵՄ-ում անդրազգային կորպորացիաների ավելի մեծ ազդեցության, քան ազգային կառավարությունների: Եվրոպան առայժմ դիմադրում է՝ չստորագրելով իրեն պարտադրվող փաստաթուղթը, ինչը վերջինիս լիակատար ենթարկացման խնդիր է դնում: Այսպես՝ փախստականների հոսքը Եվրոպա հանգեցնում է մշակութային շերտերի միախառնման՝ վերածելով Հին աշխարհը երկրորդ Միացյալ Նահանգների՝ չկապված որևէ ազգային արժեքի և ավանդույթի հետ՚,- նշել է նա:
Տարածվող քաոսի երկրորդ նպատակը վերլուծաբանը համարում է ԽՍՀՄ փլուզումից հետո աստիճանաբար վերականգնվող միջուկային Ռուսաստանը, ինչը Մոսկվայի ՙոչ՚-ը գոյություն ունեցող աշխարհակարգին լսելի է դարձնում ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ նաև Եվրոպային, Չինաստանին, Լատինական Ամերիկային: Այս առումով Ռուսաստանին անհրաժեշտ է թուլացնել վերջինիս սահմանների երկայնքով՝ Վրաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Կովկասում և Միջին Ասիայում, պայթյուններով:
ՙԿարող եմ ասել, որ այս պայմաններում Մոսկվայի համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղերին, որտեղ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ինքնուրույն խաղացողներ չեն, և բոլոր խաղաքարտերն ԱՄՆ, Բրիտանիայի և Իսրայելի ձեռքում են, առնվազն, զարմանալի է: Եվ Ռուսաստանի եվրասիական նախագծերին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ կանխադրույթների իրագործումն այս առումով ուղղակի անհնար է՚,- համոզված է վերլուծաբանը:
Մինչդեռ հենց Մոսկվայի դերն այդ խաղերում, ըստ Մանուչարյանի, արդեն հանգեցրել է ռուսական ազդեցության զգալի նվազման և Հայաստանում հակառուսական տրամադրությունների մակարդակի բարձրացման: Վերլուծաբանը Մոսկվայի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը, որից ապրիլին ավելի քան հարյուր հայ զինծառայող սպանվեց, ցանկացած հակառուսական ակցիայի գրավական է համարում:
ՙԱյլ կերպ ասած՝ հենց դա է վտանգի տակ դնում Հայաստանում Ռուսաստանի առաջնային բազավորումը, ինչը կարևոր է նաև Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից արտաքին ուժերի կողմից պարտադրվող աշխարհակարգի հաստատումը թույլ չտալու կարևոր համաշխարհային առաքելության իրականացման առումով: Եվ այստեղ պետք է միայն մեկ մեղավոր փնտրել՝ ի դեմս Ռուսաստանի արտաքին քաղաքականություն որոշող պաշտոնյաների՚,- ամփոփել է վերլուծաբանը: