
ՙՍասնա ծռեր՚ խմբավորման գործողությունների համար մեղքը Հայաստանի ողջ քաղաքական ընտրախավի վրա է ընկնում, որը շարունակում է անողնաշար համակերպվողությունը երկրում ստեղծված ծանր իրավիճակում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Հուլիսի 17-ին իրենց «Սասնա Ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօր պատանդ են պահվհում չորս ոստիկաններ, որոնց թվում է նաև մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:
ՙՀամակերպվողություն բնակչությանը կեղեքող իշխանության հետ, որի ամենամեծ հանցագործությունը Հայաստանում հանգիստ ապրելու անհնարինության հետևանքով երկրի հայաթափումն է: Այս առումով ոչ ոք այսօր իրավունք չունի դատապարտել մարդկանց, ովքեր փորձում են պաշտպանվել և պաշտպանել իրենց երկիրը: Այդ ողջ ՙընտրախավը՚ հնազանդորեն համակերպվել է այդ իրավիճակին՝ իր բաժինը ստանալով իշխանական կարկանդակից՝ մեղսակից դառնալով այդ բռնությանը՚,- նշել է նա:
Այս ամենից հետո ՙՍասնա ծռերի՚ ազնիվ տղաները, ըստ Մանուչարյանի, ոչ այլ ինչ են, քան ներքին խաղերով համեմված գլոբալ խաղի զոհեր, գործիքներ: Իրավիճակը, նրա կարծիքով, լիովին տեղավորվում է գլոբալ խաղացողների կողմից մարդկանց իրական պոռթկումների՝ արդեն սովորական դարձած օգտագործման մեջ՝ հետագայում նրանց իսկ աղետի հանգեցնելու նպատակով:
Եվ նման իրավիճակում, ըստ նրա, քաղաքական գործիչները պարտավոր էին թույլ չտալ նման զարգացումները: Եվ քանի որ դա չի արվել, հանցագործություն կատարել են ոչ թե ՊՊԾ գնդի շենքը գրաված մարդիկ, այլ՝ ավելի իրազեկ քաղաքական գործիչները, ովքեր չեն կատարել իրենց անմիջական գործառույթները:
Հուլիսի 19-ի երեկոյան Սարի թաղում տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում վիրավորված 4 ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց: Սարիթաղցիները բացահայտ աջակցություն են հայտնել «Սասնա Ծռերին» Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերը հանգիստ է եղել գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ, դրան հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա Ծռերին»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Սասնա Ծռերի» տարածած հայտարարության համաձայն, նրանք պահանջում են ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն: