


Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարությունում ոստիկաններին կոչ է արվում խստորեն պահպանել օրինականության և համաչափության սկզբունքները, ի սպառ բացառել հավաքի՝ իրավախախտում թույլ չտված մասնակիցների իրավունքների նկատմամբ որևէ անհիմն միջամտություն, առավել ևս բռնության որևէ դեպք: Հավաքի մասնակիցներին կոչ է արվում խստորեն պահպանել հավաքի խաղաղ բնույթը, օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ թույլ չտալ ագրեսիայի և վիրավորանքի որևէ դրսևորում:
ՄԻՊ աշխատակազմը նաև հիշեցնում է, որ զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ, մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: Այդ վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրսևորվելու է խիստ հետևողականություն», - ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ Արման Թաթոյանը դիմել է ՀՔԾ` ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստերի առնչությամբ: Հաղորդման համաձայն, ուղարկված հարցումների թվում են, մասնավորապես, Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի և մյուս քաղաքացիական ակտիվիստների հաղորդումները:



