«Սասնա Ծռեր» խմբավորման մասնակիցները երեկ երեկոյից քննարկում են Հայաստանի ԱԱԾ առաջարկություն-պահանջը և պետք է պատասխանեն մինչև այսօրվա ժամը 19:00-ը, հուլիսի 19-ին լրագրողներին հաղորդել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա ասելով, ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամների և իրավապահ մարմինների միջև բանակցություններն ընթանում են իր անմիջական մասնակցությամբ: «Անձամբ ես եմ խմբի անդամներին փոխանցել ԱԱԾ առաջարկություն-պահանջը, որին նրանք պետք է պատրաստ լինեն պատասխանել երեկոյան», - հաղորդել է Ենիգոմշյանը: Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է ներկայացնել հիմնական պահանջները, որոնք ԱԱԾ ներկայացնում է շենքը գրաված մարդկանց:
Ինչպես նշել է Ալեք Ենիգոմշյանը, ԱԱԾ-ում դրական են ընդունել «Սասնա Ծռերի» այն պատասխանը, որ իրենք քննարկում են առաջարկությունը և հուլիսի 19-ի երեկոյան կպատասխանեն: Ընդդիմադիր գործիչի ասելով, այն բանից հետո, երբ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, և խմբի անդամները հայտարարեցին, որ պատրաստ են քննարկել իշխանությունների առաջարկությունները, Ոստիկանության շենքում գտնվող բոլոր մարդիկ զրկվել են հաղորդակցության բոլոր հնարավորություններից: Նման պայմաններում, նրա ասելով, եթե առաջիկա ժամերին բացատրություն չտրվի, ապա, կարելի է ենթադրել, որ իշխանությունները մտադիր են դադարեցնել բանակցությունները: «Եթե կես ժամվա ընթացքում շենքում կապը չվերականգնվի, ապա մենք պետք է մտածենք, որ իշխանությունները միակողմանի դադարեցնում են բանակցությունները», - նշել է Ենիգոմշյանը: Ինչպես հաղորդել է ընդդիմադիր շարժման ներկայացուցիչը, մինչ այժմ բանակցությունները վարվում էին նորմալ ձևաչափով: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներն իր միջոցով բոլոր գործողությունները համաձայնեցնում են Ժիրայր Սէֆիլյանի հետ, նշել է ընդդիմադիր գործիչը: Ավելացնենք, որ արդեն այդ հայտարարությունից հետո Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր հետ արդեն կապվել են համապատասխան կառույցներից և հավաստիացրել, որ բանակցությունները դադարեցված չեն: