


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները նախօրեին գտնվել են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում, ինչի առնչությամբ տարածել են հայտարարություն:
«Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում: Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցնեռ ձեռնարկելով», - ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունում:
Հուլիսի 18-ի երեկոյան քաղաքացիական ակտիվիստները հանրային քննարկում էին նախաձեռնել Ազատության հրապարակում` ստեղծված ներքաղաքկան իրավիճակից ելք գտնելու նպատակով: Քաղաքացիների մի խումբ հայտարարել էր Էրեբունի շրջանում գրավված ոստիկանության շենքի ուղղությամբ շարժվելու մտադրության մասին` Խորենացու փողոցում ստեղծված դիմակայության հնարավոր ուժային լուծումը կանխելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցները, սակայն, խոչընդոտել էին ցուցարարներին` կենդանի շղթա կազմելով նրանց ճանապարհին: Արդյունքում` ակտիվիստների և իրավապահ ուժերի միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:



