

Հուլիսի 17-ին Երևանի Էրեբունի վարչական կենտրոնում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորումը տեսաուղերձ է տարածել այն բանից հետո, երբ նախօրեին մի քանի հարյուր քաղաքացիներ գնացել էին Խորենացի փողոց:
Ուղերձում, մասնավորապես, ժողովրդին է դիմել խմբի ներկայացուցիչ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը. «Իմ հայ ժողովուրդ, ես չգիտեմ, կա մի բան, որ ես ունեմ ու չեմ դնում ստեղ, քո զոհասեղանին. տղաս, ընկերները, որ իմ տղերքից ես չեմ տարբերում, կնոջիցս ու աղջկանիցս էլ լուր չունեմ, ահա այն կամուրջը, որ մենք խոստանում էինք ձեզ` դեպի հաղթանակ, մնում է` ձեզանից, որ թախանձագին խնդրում ու պահանջում ենք, դուրս գալ փողոց, և քայլել էդ հաղթանակի կամուրջով: Բարի երթ ձեզ: Ես վստահ եմ, որ վաղը գրկախառնված մենք կհանդիպենք իրար»:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում ընթացել է երթ` ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբավորման: Երթի մասնակիցները ոստիկանությունից պահանջել են հրաժարվել բռնությունից «Սասնա Ծռերի» նկատմամբ, բաց թողնել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին և լիակատար աջակցություն են հայտնել խմբավորմանը: Մի քանի հարյուր ցուցարարներ, չնայած ոստիկանության հորդորնմերին` հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի բարդացնել իրավիճակը, Ազատության հրապարակում ճեղքել էին ոստիկանական շղթան և շարժվել դեպի Խորեցանի փոփոց, որտեղ գտնվում է գրավված ՊՊԾ շենքը: Ինչպես Արմինֆոն ավելի վաղ հաղորդել է, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, ՊՊԾ շենքը գրաված խմբում կա 26 մարդ:



