

Կրեմլում մտահոգված են Թուրքիայում, Երևանում և Ալմաթիում ՙտուրբուլենտության դրսևորումներով՚ և ուշադրությամբ հետևում են իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանի սահմանների մոտ նման տուրբուլենտության դրսևորումները մտահոգություն են առաջացնում, ստիպում ուշադրությամբ հետևել իրավիճակին, վերլուծել այն: ՙԻնտերֆակսի՚ համաձայն, Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը Թուրքիայում, Երևանում և Ալմաթիում չի կարելի է միանման որակել, քանի որ յուրաքանչյուր առանձին դեպքում պատճառները տարբեր են: ՙՄի դեպքում խոսքը վերաբերում է պետական հեղաշրջման փորձին, ինչը բազմաթիվ մարդկային զոհերի հանգեցրեց, մյուս դեպքում՝ քրեական տարբեր դրսևորումների՚,- ասել է Պեսկովը
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան զինված խումբը գրավել է Երևանի Էրեբունի համայնքի ոստիկանական ստորաբաժանման տարածքը, որտեղ տեղակայված է ՊՊԾ գունդը: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Միջադեպի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, չորսը՝ վիրավորվել: Այսօր առավոտյան լուրեր են ստացվել Ալմաթիում կրակոցների մասին, որոնց զոհ է դարձել չորս մարդ: Որոշ տվյալների համաձայն, կրակողը ոչ ավանդական կրոնական հոսանքի հետևորդ է: Քաղաքում տագնապի «կարմիր՚ աստիճան է հայտարարվել:



