
Իրավակարգի պահպանման ուժերը լիակատար մարտական պատրաստության վիճակի են բերվել, սակայն առայժմ Էրեբունիի շրջանի ոստիկանության եւ ՊՊԾ գնդի շենքում պահվող պատանդների ազատման հատուկ գործողություն սկսելու հրաման չի ստացվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նրա ասելով, ոստիկանությունը շարունակում է բանակցությունները շենքը գրաված անձանց հետ: Բանակցությունների գլխավոր նպատակը բռնության կանխումն է եւ հանցագործների՝ իրավապահ մարմիններին հանձնվելը: Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե Ժիրայր Սէֆիլյանը մասնակցում է վեց պատանդների ազատման շուրջ բանակցություններին: Պողոսյանը տեղեկացրել է, որ շենիք գրավման ընթացքում վիրավորված ոստիկաններին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցներ եւ Մուրացանի զինվորական հոսպիտալ: Վիրավորներից երկուսը ծանր վիճակում են: Վիրավորների թվում է ՀՀ ոստիկանության օպերատորը: Փոխոստիկանապետը հերքել է օդանավակաանների գրավման փորձերի վերաբերյալ լուրերը: Նա նշել է, որ գրավումը լոկալ բնույթի է: Ինչ վերաբերում է Ոստիկանություն բերման ենթարկված անձանց, ապա, Պողոսյանի հավաստմամբ, համապատասխան ընթացակարգերից հետո նրանք ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան զինված անձանց խումբը, ովքեր Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն են, գրավել են Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանական ստորաբաժանման տարածքը, որտեղ տեղակայված է ՊՊԾ գունդը: ԱԱԾ հաղորդել է մեկ ոստիկանի զոհվելու եւ երկու պատանդների ազատման մասին: Զոհվել է ՊՊԾ գնդի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Ոստիկանական զտորաբաժանումը գրաված անձանց մոտ պատանդ է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Զավթիչները պահանջում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ժողովրդական վստահության կառավարության ձեւավորում: Որպես խմբի ղեկավար հանդես են գալիս Սէֆիլյանի զինակիցները, նաեւ՝ Արցախյան պատերազմի վետերաններ Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նրանք հրաժարվում են բանակցվություններ վարել իշխանությունների հետ, քանի դեռ ազատ չի արձակվել Ժիրայր Սէֆիլյանը, ով էլ կստանձնի իշխանությունների հետ բանակցություններ վարելու առաքելությունը: Միեւնունյ ժամանակ, Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը, որտեղ տեղակայված է ոստիկանական գունդը, լիովին շրջափակված է ոստիկանական զորքերով եւ ծանր բեռնատարներով, որոնք խոչընդոտում են տարածքի տեսանելիությունը: