


Ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: «Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան զինված անձանց խումբը, ովքեր Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն են, գրավել են Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանական ստորաբաժանման տարածքը, որտեղ տեղակայված է ՊՊԾ գունդը: ԱԱԾ հաղորդել է մեկ ոստիկանի զոհվելու եւ երկու պատանդների ազատման մասին: Զոհվել է ՊՊԾ գնդի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Ոստիկանական զտորաբաժանումը գրաված անձանց մոտ պատանդ է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Զավթիչները պահանջում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ժողովրդական վստահության կառավարության ձեւավորում: Որպես խմբի ղեկավար հանդես են գալիս Սէֆիլյանի զինակիցները, նաեւ՝ Արցախյան պատերազմի վետերաններ Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նրանք հրաժարվում են բանակցվություններ վարել իշխանությունների հետ, քանի դեռ ազատ չի արձակվել Ժիրայր Սէֆիլյանը, ով էլ կստանձնի իշխանությունների հետ բանակցություններ վարելու առաքելությունը: Միեւնունյ ժամանակ, Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը, որտեղ տեղակայված է ոստիկանական գունդը, լիովին շրջափակված է ոստիկանական զորքերով եւ ծանր բեռնատարներով, որոնք խոչընդոտում են տարածքի տեսանելիությունը:



