


Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, խորհրդակցության մասնակիցները հանրապետության նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան զինված անձանց խումբը, ովքեր Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն են, գրավել են Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանական ստորաբաժանման տարածքը, որտեղ տեղակայված է ՊՊԾ գունդը: ԱԱԾ հաղորդել է մեկ ոստիկանի զոհվելու եւ երկու պատանդների ազատման մասին: Զոհվել է ՊՊԾ գնդի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Ոստիկանական զտորաբաժանումը գրաված անձանց մոտ պատանդ է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Զավթիչները պահանջում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ժողովրդական վստահության կառավարության ձեւավորում: Որպես խմբի ղեկավար հանդես են գալիս Սէֆիլյանի զինակիցները, նաեւ՝ Արցախյան պատերազմի վետերաններ Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նրանք հրաժարվում են բանակցվություններ վարել իշխանությունների հետ, քանի դեռ ազատ չի արձակվել Ժիրայր Սէֆիլյանը, ով էլ կստանձնի իշխանությունների հետ բանակցություններ վարելու առաքելությունը: Միեւնունյ ժամանակ, Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը, որտեղ տեղակայված է ոստիկանական գունդը, լիովին շրջափակված է ոստիկանական զորքերով եւ ծանր բեռնատարներով, որոնք խոչընդոտում են տարածքի տեսանելիությունը:



