


Ոստիկանությունը զինված խմբի հետ բանակցություններ կվարի այնքան ժամանակ, քանի դեռ չի կորցրել Էրեբունիի ոստիկանական ստորաբաժանման զինված գրավման միջադեպի խաղաղ կարգավորման հույսը: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հուլիսի 17-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:
Նրա ասելով, այս պահին պատանդ է 7 մարդ, սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավոր են փոխգնդապետներ Արամ Հովհաննիսյանը եւ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաեւ սպա Գագիկ Մկրտչյանը: Նա հաստատել է, որ զավթիչների մոտ պատանդ է նաեւ մայրքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հունանյանի ասելով, զինված խմբի միակ պահանջը Սէֆիլյանի ազատ արձակումն է: «Սակայն այդ պահանջն անկատարելի է: Մենք զինված անձանց կոչ ենք անում հանձնել զենքը եւ ենթարկվել իշխանությունների պահանջներին: Մենք բավականաչափ ուժեր ունենք նրանց վնասազերծելու եւ ձերբակալելու համար», - ամփոփել է Պողոսյանը: Փոխոստիկանապետի մամուլի ասուլիսից անմիջապես հետո երկու քաղաքացի բերման է ենթարկվել, այդ գործողությունների պատճառը ոստիկանությունը չի նշել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանի զինված կողմնակիցները գրավել են ոստիկանության Երեւանի Էրեբունի համայնքի բաժանմունքի տարածքը, որտեղ ոստիկանական գունդ է տեղակայված: Նրանք պահանջում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ժողովրդական վստահության կառավարության ձեւավորում: Փաստորեն, այն տեղեկությունները, թե խմբի մոտ պատանդ է ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ Վարդան Եղիազարյանը, չհաստատվեցին, զավթիչների մոտ պատանդ է մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Որպես խմբի ղեկավար հանդես են գալիս Սէֆիլյանի զինակիցները, նաեւ՝ Արցախյան պատերազմի վետերաններ Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նրանք հրաժարվում են բանակցվություններ վարել իշխանությունների հետ, քանի դեռ ազատ չի արձակվել Ժիրայր Սէֆիլյանը, ով էլ կստանձնի իշխանությունների հետ բանակցություններ վարելու առաքելությունը: Միեւնունյ ժամանակ, Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը, որտեղ տեղակայված է ոստիկանական գունդը, լիովին շրջափակված է ոստիկանական զորքերով եւ ծանր բեռնատարներով, որոնք խոչընդոտում են տարածքի տեսանելիությունը:



