

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր Երեւան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր եւ ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով եւ օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության եւ բռնության ճանապարհով:
Ինչպես նշվում է «Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը, կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:
«Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից», - ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում:



