


Թուրքիայում վերջին ժամերի իրադարձություններն ակնհայտորեն ցույց տվեցին, որ կարծիքները, թե նախագահ Էրդողանն իբր բավականաչափ ռեսուրսներ չունի իշխանությունը պահելու համար, փոքր-ինչ չափազանցված են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՆորավանք՚ հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, դրա վկայությունն են ոչ միայն վերջին իրադարձություները, այլ նաև հաջող պայքարը քուրդ աշխարհազորայինների դեմ, ինչպես նաև նրա քաղաքական ճկունությունը, քանի որ Էրդողանը մշտապես փոխում է այս կամ այն հարցի առնչությամբ իր դիրքորոշումները: ՙԲայց դա չի նշանակում, որ Թուրքիայում ամեն բան լավ է: Անկարան բավականին շատ չլուծված ներքին խնդիրներ ունի, ինչպես նաև առաջատարության համար մշտական մրցավազքը տարածաշրջանում: Կան նաև չլուծված խնդիրներ հարևանների հետ: Թուրքիայում ավանդաբար ոչ վերջին դերն է խաղում բանակային ղեկավարությունը, որը բազմիցս հեղաշրջման փորձեր է ձեռնարկել՝ ԱՄՆ-ից գյուլենիստների աջակցությամբ՚,- նշել է Հարությունյանը:
Ըստ որում, նա կանխատեսել է, որ այժմ Թուրքիայում ուժեղ ճնշումներ կսկսվեն ուժային կառույցների նկատմամբ:
ՙՀայկական շահերի տեսակետից Թուրքիայում բարդությունները, հնարավոր է, ձեռնտու են մեզ: Սակայն, վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ Անկարան կարող է խստացնել իր դիրքորոշումները հայ ժողովրդի համար հրատապ հարցերի առնչությամբ. դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը և Ադրբեջանի հետ հարաբերություններին: Երկու դեպքերում էլ տհաճ անակնկալները լիովին սպասելի են՚,- ամփոփել է փորձագետը:



