


Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողման պատճառն այդ երկրի բանակային ղեկավարության անհամախմբվածությունն է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշել է, որ Թուրքիայի պատմությունը հարուստ է նմանօրինակ էջերով, և ամեն անգամ այդ փորձերը ձախողվել են՝ բանակային ղեկավարության շարքում համախմբվածության բացակայության պատճառով: Ռազմական ընդդիմության ձախողման երկրորդ պատճառը, փորձագետի կարծիքով, այն փաստն էր, որ ժանդարմերիան ամբողջովին սատարել է Էրդողանին: ՙԲացի այդ, թուրք հասարակությունն, ըստ էության, նույնպես համախմբվել է Էրդողանի շուրջը, ինչը վկայում է հասարակայնության շրջանում նրա մեծ ժողովրդականության մասին՚,- նշել է թուրքագետը՝ ընդգծելով, որ դա ավելի մեծ էյֆորիայի մեջ կգցի Էրդողանին, քանի որ առաջին անգամ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ճնշվում է իշխանությունների և ժողովրդի համատեղ ջանքերով:
Ավելին, նրա խոսքով, ներկայումս Թուրքիայում Էրդողանի հերոսացման գործընթաց է նկատվում: ՙԻսկ դա նշանակում է, որ թուրք առաջնորդի դիկտատն էլ ավելի կուժեղանա՚,- նշել է Մելքոնյանը:
Ըստ որում, նա խորհորդ է տվել Թուրքիայում վերջին իրադարձությունները չդիտարկել բացառապես ներքաղաքական գործընթացների համատեքստում, այլ՝ աշխարհաքաղաքական ավելի լայն զարգացումների՝ գերտերությունների շահերի բախման լույսի ներքո: ՙՊետք չէ մոռանալ, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջումների վերջին փորձերն առանց ԱՄՆ մասնակցության չեն անցել՚,- ամփոփել է թուրքագետը:



