
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստեղծված վակուումը կարելի է հաղթահարել համակարգված միջազգային ջանքերի շնորհիվ: Այյդ մասին Carnegie.ru-ում հրապարակված իր հոդվածում գրել է Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի Կովկասի գծով փորձագետ Թոմ դե Վաալը:
Մասնավորապես, փորձագետը գտնում է, որ ապրիլյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են: Այս առումով նա նշում է, որ խնդիրը կարգավորել հնարավոր չէ՝ առանց միջազգային հուսալի պայմանավորվածությունների: ՙԱյսօր գոյություն ունեցող միակ մեխանիզմը 1994 թ. համաձայնագրերն են, որոնք դիտարկվում էին որպես ժամանակավոր և չէին նախատեսում խաղաղպահ ուժերի մասնակցություն: Հակամարտության զսպման համար նախատեսված ԵԱՀԿ ողջ կառույցը փլուզման եզրին է: Եվ եթե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները չհամաձայնեն քաղաքական փոխզիջման, վտանգ կա, որ նրանք կհայտնվեն սեփական ագրեսիվ հռետորաբանության և հանրության սպասումների ծուղակում՚,- նշում է նա:
Նրա կարծիքով, ապրիլյան սրացումից հետո միջազգային խաղացողները գիտակցել են որ անհրաժեշտ է մոդիֆիկացնել խաղաղարար գործըթնացը, որպեսզի թույլ չտան հակամարտության վերաճումը լայնամասշտաբ պատերազմի: ՙԿարգավորման միակ իրական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը անհրաժեշտ փորձ և միջազգային կշիռ ունեն, որպեսզի ղեկավարեն այդ գործընթացը՚,- նշել է նա: Հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգռված երկրների թվում, որոնք կարող են որոշակի ներդրում ունենալ, նա նշել է Վրաստանը, Իրանը, Թուրքիան և նույնիսկ Չինաստանը:
Ըստ որում, Վաալը Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է դիտարկում: Մասնավորապես՝ նա գտնում է, որ հակամարտությունը կարող է բորբողքվել հրադադարի կոպիտ խախտման կամ ադրբեջանական կողմի անզսպվածությն հերթական դրսևորման դեպքում: ՙԲացի այդ, ՀՀ խորհրդարանը կարող է իրականացնել իր սպառնալիքը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը վերջ կդնի Մինսկի գործընթացին՚,- ընդգծել է փորձագետը:
Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ մարտական գործողությունների նոր պոռթկումն ավելի դժվար կլինի կանգնեցնել, քանի որ կընդլայնվի մարտական գործողությունների աշխարհագրությունը և գործի կդրվի ավելի հզոր տեխնիկա: Այս համատեքստում նա կանխատեսում է Ռուսաստանի և Թուրքիայի միջամտությունը, ինչը կարող է վերաճել տարածաշրջանային և միջազգային ընդհարման: ՙԱնհրաժեշտ է խաղաղապահ գործողության ծրագիր կազմել, ինչը կորոշի Ղարաբաղում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի բնույթը, քանակը և կազմը: Առանց դրա, հայկական կողմը հազիվ թե համաձայնի զորքերի դուրսբերմանը, իսկ ադրբեջանցի փախստականները չեն կարողանա իրենց տները վերադառնալ: Երկու երկրների նախագահներից պահանջել, որ նրանք քաղաքական համաձայնագիր կնքեն առանց հասկանալու, թե ինչ երաշխիքների վրա է այն կառուցվում, միևնույն է, ինչ տուն կառուցել առանց հատակի՚,- ասել է նա:
Ըստ որում, Վաալը գտնում է, որ խաղաղապահների տեղակայումը երեք խնդրի կհանգեցնի: ՙՄասնավորապես՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտի 4 հազար խաղաղապահ ուղարկելու հետ: Բացի այդ, խաղաղապահ ուժեր ստեղծելիս անհրաժեշտ կլինի հաշվի առնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները, որոնք կցանկանային զգալի ռազմական ներկայություն պահպանել հակամարտության գոտում՚,- ընդգծել է մա: Փորձագետը նշում է նաև, որ ԵԱՀԿ-ն չունի խաղաղապահ առաքելությունների կառավարման փորձ, ոչ էլ համապատասխան բյուջե: Որպես երրորդ գործոն՝ փորձագետը նշել է Ռուսաստանի մտադրությունների անորոշությունը: Նրա խոսքով, շատերը կարծում են, որ Ռուսաստանը շահագրգռված է ստատուս քվոն պահպանելու հարցում` ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: