


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արա Ա-ն և Լիբանանի թեմի առաջնորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը հուլիսի 12-ին հանդիպել են Երկօրյա այցով Լիբանանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, Արամ Առաջինը նշել է, որ տարածաշրջանը բախվում է լուրջ պրոբլեմների: Մասնավորապես նա նշել է տնտեսական պրոբլեմները, աղքատությունը, ահաբեկչությունը և արտահոսքը: Նրա խոսքով, այս կացությունը միայն քրիստոնեության մտահոգությունը չէ, այն նաև պետք է դառնա արաբական աշխարհի և Եվրոպայի մտահոգությունը։
«Միջին Արևելքն առանց քրիստոնեության ներկայության շատ բան կկորցնի իր որակից, մշակութային արժեքներից և տնտեսական հզորությունից: Ավելին, դարերի ընթացքում արմատացած քրիստոնյա-իսլամ գոյակցության բացակայությունը շրջանը կվերածի ծայրայեղականության կենտրոնի, մտահոգիչ երևույթ, որի գործնական արտայայտությունն արդեն իսկ տեսնում ենք ո՛չ միայն Միջին Արևելքում, այլ նաև արևմտյան երկիրներում: Հետևաբար, մեր սպասումն է, որ Ֆրանսիան իր արտաքին քաղաքականության մեջ հաճախակի հիշեցնի արաբական և արևմտյան պատասխանատուներին հիշյալ վտանգի հետևանքների մասին»,-ընդգծել է նա:


