
Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, գանգատը ներկայացվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով:
«Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, պետությունը չի կանխարգելել Արաքսյա Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու իր պարտավորությունը, հստակ իմանալով, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ զորակոչման, առավել ևս, իրավունք չունի զենքով ծառայություն իրականացնելու: Բացի դրանից, ռուսական կողմը պատշաճ կարգով և ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Վ. Պերմյակովի, զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը: Ինչ վերաբերում է դատավարական իրավունքի խախտմանը, ապա ռուսական կողմի իրականացրած քննությունը հասանելի չի եղել տուժողի իրավահաջորդներին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գործի շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, մասնավորապես, միջնորդություններ ներկայացնելու, նախաքննական մարմնի որոշումները բողոքարկելու և այլ հնարավորություններից: Ինչպես նաև, Վ. Պերմյակովի կողմից զորամասը ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահ մամիններին շուրջ երեք ժամ ուշ տեղեկացնելու մասով որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել: ՄԻԵԿ 13-րդ հոդվածի իմաստով տուժողի իրավահաջորդների իրավունքների վերականգնման ուղղությամբ ներպետական մեխանիզմներ չկան, քանի որ ռուսական կողմի իրականացրած քննության նյութերին տուժող կողմը հնարավորություն է ունեցել ծանոթանալու վերջնական որոշման կայացման պահից շուրջ երեք ամիս անց միայն, երբ արդեն ՌԴ Քննչական կոմիտեում ավարտվել էին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով բոլոր վարույթները, և Վ. Պերմյակովը դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման»,-նշված է ՀՔԱ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումիոմ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, իոկ 7-րդ անդամը` նորածին Սերյոժա Ավետիսյանը մի քանի օր անց վախճանվեց հիվանդանոցում: Սպանության մեջ մեղադրվում է ռուսական զինծառայող Վալրի Պերմյակովը: Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն` իրականացված հատուկ դաժանությամբ, շահադիտական նկատառումներից ելնելով, պատվիրված, ուղեկցված դրամաշորթությամբ, կողոպուտով կամ ավազակությամբ), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (կողոպուտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների կիրառմամբ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ): Իսկ օգոստոսի 12-ին ռուսական կայազորի զինվորական դատարանը Գյումրիում կայացած արտագնա նիստում Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Պերմյակովը մեղավոր ճանաչվեց ծառայության բերումով իրեն տրամադրված զենքը ձեռքին դասալքության, զենքի և զինամթերքի առևանգման և ապօրինի հրազեն կրելու համար: