


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնում է, որ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին հակակշիռ չէ: Այս մասին նա հայտարարել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որի նպատակն անդամ-երկրների անվտանգության ապահովումն է: Նա հայտարարել է, որ հանդիսանալով այդ կազմակերպության հիմնադիր-անդամ, Հայաստանը միշտ էլ նկատել է ՆԱՏՕ-ի հետ հաագործակցելու ՀԱՊԿ-ի ցանկությունը: «Այդ հարցում մենք դեռ ձեռք չենք բերել զգալի հաջողություններ, հնարավոր է այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն համարում են ավելի կայացած, կազմակերպված և ընդունելի կառույց: Բայց մեր շահերը մենք չենք դիտարկում հակասությունների համատեքստում: Մենք շատ ենք ուզում, որպեսզի Ռուսաստանի և ԱՄՆ շահերը համընկնեն, որպեսզի նրանց միջև չլինեն հակասություններ, քանի որ դրանք կլինեն մեր ոչ լավագույն ժամանակները»,-հայտարարել է նախագահը: Նա վտանգավոր է համարում այնպիսի շահերի փնտրումը, որոնք հիմնված են հակասությունների վրա: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: «Սա վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը չեն ստեղծվել հակամարտելու համար»,-ընդգծել է նախագահը:
Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծմանը Հարավային Կովկասում: Մասնավորապես, նա ընդգծել է, որ միացյալ համակարգի ստեղծումը դեռ չի նշանակում ՀՕՊ ազգային համակարգի վերացում: «Հայաստանի ՀՕՊ հրամանատարը կլինի ՀՀ ԶՈւ ՀՕՊ հրամանատարը, և հրամաններն էլ նա պետք է արձակի: Այսինքն, դա կլինի ջանքերի համատեղում, այլ ոչ թե մեկ այլ համակարգի ստեղծման համար`մյուս համակարգի վերացում, իսկ դա նորմալ է»,-նշել է նախագահը, հավելելով, որ հայկական կողմն իր հակաօդային պաշտպանությունը կապահովի իր գործընկերների միջոցով, և հակառակը:


