
Ուշադրության կենտրոնում ենք պահում Լևոն Հայրապետյանի հարցը: Այս մասին է ԱրմԻնֆո գործակալությանն ուղղված մամուլի հաղորդագրության մեջ նշել է ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանայան:
Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լևոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, տեղեկացնում եմ, որ դեռևս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին, Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, ասված է հաղորդագրության մեջ:
«Ուշադրության կենտրոնում ենք պահում Լևոն Հայրապետյանի հարցը: Ասեմ ավելին, Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ, հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ևս Ա. Թաթոյանը քննարկել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը»,-ասված է ՀՀ օմբուդսմենի գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ:
Գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսի 15-ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի (վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար) ցուցմունքները։ Հայրապետյանին առաջադրվել էր մեղադրանք ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ և 174-րդ հոդվածներով («ուրիշի ունեցվածքի յուրացում կամ վատնում» և «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում»): Ըստ քննչական մարմնի` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում է այս գործով, Հայրապետյանի հետ միասին մշակել է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի յուրացման հանցավոր ծրագիր: Գործի ևս մեկ մասնակից` «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, կազմակերպել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացումը, ենթադրում է քննչական մարմինը: