


Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային հարթակներում:
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Տիկին Կոբախիձեն գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը:
Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից:



