
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի համար առաջնահերթը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն է, հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԱդրբեջանի ղեկավարությունը շատ է խոսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի անընդունելիության մասին, բայց դրա համար պետք է կատարել ընդամենը մեկ պայման՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՚,- նշել է փոխխոսնակը:
Նրա խոսքով, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահի ելույթը մի քանի կարևոր ուղերձներ էր պարունակում, մասնավորապես՝ այն, որ ՆԱՏՕ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան հարցը: ՙԿա բանակցությունների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի վրա դրված է հիմնախնդրի կարգավորման առաքելությունը, և այդ հարցը դրա շրջանակներից դուրս բերելու ցանկացած փորձ անընդունելի , քանի որ այդ ձևաչափն այլընտրանք չունի: Գագաթնաժողովի մասնակիցներին նախագահի մեկ այլ կարևոր ուղերձն այն է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը փորձել է հետընթաց քայլ կատարել և հրաժարվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ կետը կատարելուց: Բայց բոլոր այդ կետերը պետք է կատարվեն, ինչպես և պետք է պահպանվեն 1994-95 թթ. զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները՚,- նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով ղարաբաղյան հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հետ ՀՀ նախագահի հեռախոսազրույցներին՝ փոխխոսնակը հայտարարել է, որ դրական է գնահատում դրանք: ՙՌուսաստանը և ԱՄՆ-ը համակարծիք են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ղարաբաղյան հարցը, ըստ երևույթին, միակն է, որի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակասություններ չկան՚,- ամփոփել է Շարմազանովը: