

Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ամփոփիչ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ կարևոր ուղերձներ է պարունակել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ կազմակերպության լոկոմոտիվը Ռուսաստանն է, սակայն վերջինիս կազմում կան նաև թյուրքական պետություններ, որոնք ոչ միշտ են աջակցում ՀԱՊԿ հայտարարություններին:
ՙՏվյալ դեպքում կարևոր հայտարարություն է արվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում համերաշխություն է հայտնվել հայկական կողմի դիրքորոշմանը, որի ներքո ստորագրել է նաև Ղազախստանը: Կարծում եմ, որ դա կարևոր մեսիջ է՚,-ասել է Շարմազսանովը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է. ՙԱջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՚:


