
Այսօր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Այս մասին Վարշավայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդես գալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Նա նշել է, որ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը:
Նախագահը նշել է նաև, որ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Արդյունքում, կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատեցին մայիսի 16-ին Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը կնպաստի խաղաղ կարգավորման գործընթացի զարգացմանը: Այդ նպատակով նրանք պայմանավորվեցին, մասնավորապես, ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում, ինչպես նաև ներդնել միջադեպերը հետաքննող մեխանիզմներ: