Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարում ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ընտրվել է այդ քաղաքական ուժի առաջնորդ:
Ինչպես հայտարարել է Բաբայանը լրագրողների հետ զրույցում, իր նախաձեռնած քաղաքական ուժն աջակցելու է ՀՀ նախագահի և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Նա նաև հայտարարել է, որ Ռեֆորմիստների կուսակցությունը ձգտելու է մասնակցել 2017 թ. խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով իր ներդրումն ունենալ իրականացվող բարեփոխումների գործընթացում:
Բաբայանը հայտարարել է նաև, որ հայ հասարակությունը հոգնել է ընդդիմադիր ուժերից և նրանց արմատական կոչերից, որոնք որևէ փոփոխության չեն հանգեցնում: Նա նշել է, որ ձևավորվել է երիտասարդներից կազմված թիմ, ովքեր ղեկավարվելու են ՙՔեզ համար Հայաստան՚ կարգախոսով:
Համագումարին ներկա է գտնվել 265 պատվիրակ: Հյուրերի թվում էին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԲՀԿ-ից պատգամավորներ Միքայել Մելքումյանը, պատգմավոր Արայիկ Աղաբաբյանը:
Նշենք, որ մարտի 10-ին Վահան Բաբայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ լքում է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը: Բաբայանը խոստովանել էր, որ հանդես է եկել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու օգտին: