
ՀԱՊԿ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի երևանյան նիստի ամփոփիչ հայտարարությունն արտացոլում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, հայտարարությունում հստակ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության լուծման հարցում միջնորդ, անայլընտրանքայինության մասին: Այդպիսով, ինչպես նշել է Շարմազանովը, ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հասկացրել է Անկարային, որ ԵԱՀԿ ՄԽ կազմը համալրելու իր ձգտումներն իրագործելի չեն: Նա նաև ընդգծել է, որ փաստաթղթում խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, ինչին հակառակվում է Բաքուն: ՙՀատկանշական է, որ այդ հայտարարությունը ստորագրել են նաև Ադրբեջանի քաղաքական գործընկերները՝ ի դեմս Ղազախստանի՚,- նշել է փոխխոսնակը:
Նա բարձր է գնահատել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումների համահունչ լինելը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների կողմից այդ հարցին հատկացվող մշտական ուշադրությունը, ինչի վկայությունը Պուտինի և Օբամայի միջև վերջին հեռախոսազրույցն է, որի ընթացքում առաջնորդները քննարկել են ղարաբաղյան խնդիրը: Նրա խոսքով, համանախագահող երկրները համակարծիք են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ինքնորոշման հանրաքվեի արդյունքների հիման վրա, որը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում: Վերջում ԱԺ փոխնախագահը խորհուրդ է տվել Բաքվին ՙինչպես իրականացնել Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը ծածանելու երազանքը. ՙԿա միայն մեկ տարբերակ՝ Բաքուն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, դեսպանատուն բացի Ստեփանակերտում և շենքի վրա ծածանի իր պետական դրոշը՚;
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է. ՙԱջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՚: