

Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն արցախյան պատերազմի հերոս, ՙՆոր Հայաստան՚ շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, մի քանի տասնյակ մարդ ՙՄենք բոլորս Ժիրայր ենք՚, ՙԱզատություն քաղբանտարկյալներին՚, ՙԱզատություն հերոսին՚ պաստառներով Ազատության հրապարակից շարժվել են դեպի նախագահական նստավայր: Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Սեֆիլյանին և փակել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, քանի որ, նրանց կարծիքվ, այն կեղծված է:
Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է երկամսյա կալանքը:



