ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է Սպիտակ տունը:
«Նախագահ Օբաման իր պատրաստակամությունն է հայտնել՝ ակտիվացնել ջանքերը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու նպատակով՚,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը տեղեկացրել է Օբամային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Ըստ որում, Օբաման «բարձր է գնահատել Ռուսաստանի գործադրած ջանքերը՚,- հայտնել են Կրեմլում: