


Հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հարցով ՌԴ իր գործընկերոջը դիմել է նաև պաշտոնական նամակով:
Հունիսի 23-ին Ռազմավիրական ճանապարհը հեղեղումների հետևանքով փակվել է, ինչի հետևանքով շրջափակման մեջ էին հայտնվել 200 բեռնատար, 40 մարդատար մեքենա: Վրաստանի պաշտոնական անձանց հայտարարությունների համաձայն, Վերին Լարսը կբացվի հուլիսի կեսին: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնում է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային ճանապարհը:



