

Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, քննարկումները տեղի են ունեցել հուլիսի 1-ին, գերմանական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում:
«Նախարարները քննարկել են ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ, կարևորագույն միջազգային խնդիրների վերաբերյալ կատարել մտքերի փոխանակում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «նորմանդական ձևաչափով» աշխատելուն, կապված Մինսկի համաձայնագրի իրականացման և ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիների հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խթանման հեռանկարների հետ, հաշվի առնելով նաև ԵԱՀԿ գործող նախարարի Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հունիսի 29-ից հուլիսի 1-ը Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցով եղել է Հարավային Կովկասում: Նա հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ, ինչի շրջանակներում քննարկվել էին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները:



