
Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը, և, իհարկե, այդ փոխգործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստում իր ելույթում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր խոսքում նախարար Նալբանդյանը կարևորել է միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ՍԾՏՀԿ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչև կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային և ուղևորատար լաստանավային փոխադրումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ հայ մասնագետներն իրենց ներդրումն են ունեցել դեպի միջազգային շուկաներ ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների դուրս գալու համար ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի և առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման հարցերում:
«Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկների միջև «Դեղամիջոցների որակի երաշխիքի ոլորտում համագործակցության հուշագրի» ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել հասնել կոնսենսուսի «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի» նախագծի շուրջ: Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջև համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին: Հայաստանը հանդես է գալիս նաև էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա նաև կոչ է արել թույլ չտալ ՍԾՏՀԿ քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ «Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարներն ընդունել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Նիստի ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային: