


100-ից ավելի բեռնատար և 20 մարդատար մեքենաներ հեղեղման պատճառով մնում են Ռազմավիրական ճանապարհին
«Հուլիսի 1-ի առավոտյան տվյալներով Վերին Լարսի անցակետում և Ռեդանտ բնակավայրի շրջանում գտնվում էր 120 բեռնատար և 20 մարդատար մեքենա», - հաղորդել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, Վրաստանի կողմից ճանապարհի մաքրմանը մասնակցում է շուրջ 100 մարդ և 30 միավոր տեխնիկա: Ռուսաստանի ԱԻՆ-ը դիմել է Վրաստանի ՆԳՆ-ին` հայտնելով համակողմանի աջակցության պատրաստակամություն: Ռուսաստանը ճանապարհին բացել է կենսապահովման կետեր: Կազմակերպվել է բուժօգնության ապահովում, հասարակական կարգի պահպանում և ճանապարհային երթևեկության կարգավորում: Կազմակերպվել է նաև փոխադրամիջոցների գրանցում նրանց համար, ովքեր մտադիր են սպասել ավտոճանապարհի բացմանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 30-ին, ժամը 19.02-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու:
Հունիսի 23-ին Ռազմավիրական ճանապարհը հեղեղումների հետևանքով փակվել է, ինչի արդյունքում շրջափակման մեջ էին հայտնվել 200 բեռնատար, 40 մարդատար մեքենա և 225 մարդ: Վրաստանի պաշտոնական անձանց հայտարարությունների համաձայն, Վերին Լարսը կբացվի մոտավորապես հուլիսի 15-ին` եթե եղանակային պայմանները չխանգարեն վերականգնողական աշխատանքներին: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնւոմ է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային ճանապարհը: -գ-



