ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Թեև նախագահների հերթական հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ, ԱՄՆ, Ֆրանսիան և Ռուսաստանը, որպես համանախագահող երկրներ, առաջիկայում մտադիր են այն կազմակերպել», - ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտարարել է Ուորլիքը` մեկնաբանելով Ֆրանսիայում նախագահների հերթական հանդիպում անցկացնելու հավանականությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր բանակցությունների համար: Այդ մասին հաղորդել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ էյրոն` Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Սերգեյ Լավրովն ինձ տեղեկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի նրա պաշտոնակիցների միջև Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրեցի, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար», - նշել է Էյրոն: