
Հարավային Կովկասի տարածաշրջանում հետագա ներգրավման հարցի նկատմամբ ՆԱՏՕ-ի շատ անդամների դիրքորոշման վրա ազդեցություն է գործում Ռուսաստանի վերաբերմունքը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի միջազգային գործերի ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը` «Ռեգիոն» հետազոտական կենտրանի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Մի կողմից, Դաշինքի անդամներից ոմանք նախընտրում են լինել պակաս ակտիվ` Ռուսաստանին չսադրելու նպատակով: Արևելյան թևի մյուս երկրներն այժմ առավելապես մտահոգված են սեփական պաշտպանական հնարավորությունների ամրապնդմամբ` հենց իրենց սահմանների անմիջական հարևանությամբ Ռուսաստանի ռազմական ներուժի շարունակվող աճի առնչությամբ», - նշել է նա:
Այդ լույսի ներքո վերլուծաբանը կարծում է, որ այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է, նոր իրավիճակի զոհեր են, ինչը որոշ չափով հիշեցնում է սառը պատերազմի շրջանը: Հայաստանն ու Ադրբեջանը ներքաշված են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որը, նրա կարծիքով, բացասաբար է անդրադառնում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցելու նրանց ունակության վրա և Ռուսաստանին հնարավորություն է տալիս «կառավարելու անկայունությունը» տարածաշրջանում:
Զաշտոֆտի գործընկեր Արթուր Կասպրշիկն իր հերթին նշում է, որ, այդուհանդերձ, ի պատասխան Ղրիմի միացումից հետո ռազմաքաղաքական իրավիճակում էական տեղաշարժին, Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է իր ներկայությունը Սև ծովում` Հարավային Կովկասի անմիջական հարևանությամբ: Նրա գնահատմամբ, Դաշինքը տեղափոխվել է իր անդամներին հանգստացնելու, իր գործընկերների` Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցությունն ամրապնդելու և ակտիվացնելու նպատակով: Կասպրշիկը նշել է, թե, ինչպես սպասվում է, Վարշավայի գագաթնաժողովը կապահովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կեցվածքի հետագա ամրապնդում, այդ թվում` ծովային և օդային միջոցառումների, ցամաքում ներկայության ավելացման և Ռումինիայում ու Բուլղարիայում զորավարժությունների ճանապարհով: