
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 2016 թվականի հուլիսի 14-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի առայությունից, հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների ղեկավարները, գյուղապետարանների աշխատողներ և մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ընկերության աշխատողներ, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը և փաստացի օգտագործողները:
Հանդիպումն անցկացվելու է բաց ձևաչափով, և դրան կարող են մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:
Աղբյուրի համաձայն, ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2016թ. հունիսի 30-ից հուլիսի 30-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ:
Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարելի է ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են. Թեղուտի լեռնահանքային համալիրի բնապահպանական անվտանգությունը, 2016թ. առաջին կիսամյակում իրականացված բնապահպանական միջոցառումները, Ընկերության կադրային քաղաքականությունը և
այլ հարցեր:
Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ հիմնվել է 2006 թվականին «Վալլեքս» խմբի կողմից: Թեղուտի ծրագիրը հաստատվել է 2007 թվականի նոյեմբերին: Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում Քաջարանից հանքավայրից հետո: 1991 թվականի տվյալներով, հանքավայրի պահուստները կազմում են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ թվում, 0.355% պարունակությամբ 1.6 մլն.տոննա պղինձ և 0.022% պարունակությամբ 99 հազար տոննա մոլիբդեն: Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է տարեկան արդյունահանել 7 մլն.տոննա հանքանյութ: Միջինացված ցուցանիշներով, արտադրության առաջին 10 տարիներին տարեկան կարտադրվի 64 հազար տոննա պղնձի խտանյութ, 0.31% պարունակությամբ և մոտ 760 տոննա մոլիբդենի խտանյութ, մինչև 50% պարունակությամբ: Առաջին փուլում ներդրումների ծավալը կկազմի 350 մլն.դոլար:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Թեղուտի նախագիծն իրականացնող` «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանը, պղնձի և մոլիբդենի խտանյութերը հիմնականում կարտահանվեն Եվրոպա: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստին, Թեղուտի նախագծում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ: Ինչ վերաբերվում է ընկերության բնապահպանական ծրագրերին, ապա նշվել է ծառատունկի ծրագիրը, որի համաձայն, հատման ենթակա 375 հա անտառի փոխարեն կտնկվի 714 հա նոր անտառ: «Թեղուտ» ՓԲԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նաև Թեղուտի տարածքում գտնվող պատմա-մշակութային հուշարձանների պահպանմանը: