
«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը ևս մեկ նահանջ կլինի Հայաստանի անկախությունից: Հունիսի 29-ին ԱԺ արտահերթ նիստում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա ասելով, ապրիլյան իրադարձություններից հետո ներկայացնելով համաձայնագիրը, Հայաստանի իշխանություններն ապացուցում են, որ երկիրն անկախ պետություն չէ: «Եթե մենք ունենայինք անկախություն, ապա մինչև այդ համաձայնագրի վավերացումը մենք պետք է ստանայինք 200 մլն դոլարի վարկի շրջանակում նախատեսված սպառազինությունը: Սակայն, մենք գործ ունենք, փաստորեն, խոտանի հետ, քանի որ խոսքը վերաբերում է ընդամենը 80% համաձայնագրերի կնքմանը և 0% սպառազինության մատակարարմանը: Ընդ որում, անհասկանալի է մնում այն հարցը, թե այդ փաստաթղթերը երբ են նյութականացվելու և վերածվելու զենքի», - նշել է նա:
Փոստանջյանը նաև հայտարարել է, որ մինչև խորհրդարանի օրակարգում համաձայնագրի ներառման վերաբերյալ որոշումը երկրի իշխանությունները ոչ միայն պետք է լուծեին սպառազինությունների մատակարարումների հարցը, այլև` պատասխանատվության ենթարկեին Ադրբեջանին ապրիլյան իրադարձությունների և անընդունելի զենքի կիրառման համար: «Պարզ է, որ ձեր ղեկավարությունը հրավիրվել է Մոսկվա, և նրան պարտադրվել է այս փաստաթղթի ստորագրումը: Մենք վերածվել ենք Ռուսաստանի արբանյակի, որը շահագրգռված չէ Հայաստանի պաշտշպանությամբ», - ընդգծել է պատգամավորը: Ընդ որում նա հայտարարել է, որ չի կարող վստահել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, որոնց անդամներն Ադրբեջանի դաշնակիցներն են: «Վտանգի դեպքում Ռուսաստանը մեզ չի պաշտպանի, ընդհակառակը, կաշխատի մեր դեմ: Ի՟նչ արեց ՀԱՊԿ-ն ապրիլյան պատերազմի ընթացքում, ո՟վ ձեզ թույլ կտա կիրառել կործանիչներ կամ այլ սպառազինություն», - ընդգծել է քաղաքական գործիչը: Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար դարձել է փակուղի ` տնտեսական առումով, իսկ այդ համաձայնագիրը կդառնա փակուղի ռազմական առումով:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի անրտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է հինգ տարի ժամկետով` յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ, եթե դրա հերթական ժամկետն սպառվելուց առնվազն վեց ամիս առաջ կողմերից մեկը դիվանագիտական ճանապարհներով մյուսին գրավոր չտեղեկացնի համաձայնագիրը լուծելու իր մտադրությնա մասին: ՀՕՊ կովկասյան համակարգը կներառվի Ռուսաստանի ՌՏՈՒ կառուցվածքում: Համակարգի ընդհանուր ղեկավարությունը կիրականացնի ՌԴ հարավային զնիվորական օկրուգի հրամանատարությունը: Հայաստանի ՀՕՊ համակարգը կղեկավարի ՀՀ ՊՆ ՀՕՊ համակարգի հրամանատարը: Խաղաղ ժամանակ կողմերը համատեղ կպլանավորեն միացյալ համակարգի գործունեությունը, կիրականացնեն համատեղ մարտական հերթապահություն, կփոխգործակցեն, կիրականացնեն անձնակազմի օպերատիվ և մարտական պատրաստություն: Այդ բոլոր հարցերը կներառվեն գործողությունների տարեկան ծրագրում: Խաղաղ ժամանակ կողմերը կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց ենթակայության տակ գտնվող զորքերի օգտագործման մասին: Այդ որոշումների և գործողությունների մասին կողմերը պետք է միմյանց իրազեկեն: Ընդ որում, այդ համաձայնագիրը հայկական ՀՕՊ գործողությունների և զարգացման ոչ մի սահմանափակում չի նախատեսում: